«Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Զվարթնոց» օդանավակայանի հետ, ասված է այսօր ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան չի հաղորդել: Եվ եթե ավելի վաղ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ «Արմավիան» կարող է հայտարարել իր սնանկացման մասին, ապա այսօրվա հաղորդագրության մեծ մասը նվիրված է թռիչքների աշխարհագրության ընդարձակման մասին ծրագրերին: Ընկերությունը պատրաստվում է «ակտիվ ամառվա» և մտադիր է ձեռք բերել նոր տեսակի ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ երեկ կողմերը բանակցել են «Արմավիային» օդանավակայանի կողմից տրամադրվող սակագների շուրջ, որից հետո Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ կողմերը համաձայնության են եկել: Դրանից հետո «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ դեռևս ոչինչ պարզ չէ, քանի որ օդանավակայանը փոխում է որոշումները:
«Զվարթնոցից» Epress.am-ին հայտնել էին, որ չեն կարող մեկնաբանել տվյալ հայտարարությունը, քանի որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն եղել է:
Հիշեցնենք, որ «Արմավիան» մարտի 6-ին անժամկետ գործադուլ էր հայտարարել` որպես պատճառ նշելով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր սակագները: «Արմավիայի»սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ կհայտարարի «Արմավիայի» սնանկության մասին, եթե օդանավակայանը չիջեցնի գները 25 տոկոսով: Հաջորդ օրը գործադուլը դադարեցվել է մինչ ընկերությունների բանակցությունների ավարտը: