Home / Հայաստան / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ – «Богородица, Путина прогони»-ն հնչեց Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ – «Богородица, Путина прогони»-ն հնչեց Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Pussy Riot ռուսաստանյան ֆեմինիստական փանկ-ռոք խմբին սատարելու և նրանց ազատ արձակումը պահանջելու համար այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել  Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասին երեկ տեղեկացվել էր Facebook սոցիալական ցանցում, դրան մասնակցում էին նաև հրապարակախոս Արա Նեդոլյանը, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, «Արտլաբ» արվեստագետների խմբի անդամները, «Հույս» ՀԿ-ի ներկայացուցիչ Լալա Ասլիկյանը, անհատ քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Քրիստոս Փրկիչ եկեղեցում Pussy Riot խմբի աղջիկները  ակցիա էին անցկացրել  և երգել Պուտինի` ժողովրդական բողոքի դեմ ունեցած վախի մասին, ինչից հետո խմբի անդամներ Նադյա Տոլոկոննիկովան և Մաշա Ալյոխինան ձերբակալվեն են, և այժմ աղջիկներին ազատազրկում է սպառնում:

Այսօր աղջիկների կալանքը երկարաձգվել է մինչև ապրիլ:

Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցներին ոստիկանները հորդորել են չնկարել դեսպանատան շենքը կամ դրա համար թույլտվություն վերցնել դեսպանատան անվտանգության ծառայությունից, ապա միայն սկսել ակցիան: Տեսնելով իրեն ուղղված տեսախցիկները և լուսանկարչական սարքերը` ոստիկաններից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ իրեն նկարելու իրավունք քաղաքացիները չունեն:

Միքայել Դանիելյանը և Լալա Ասլիկյանը ոստիկանին հիշեցրել են, որ նա հանրային վայրում աշխատանքի է և լրագրողները կարող են լուսանկարել: Ոստիկանը պնդել է, որ այդ իրավունքը չունեն, նրան հիշեցրել են, որ ինքը աշխատում է քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, ինչին ոստիկանը պատասխանել է. «Ինձ պետությունն է վճարում»: Դանիելյանը կրկին ընդգծել է, որ պետությունը վճարում է իրեն հարկատուների հաշվին:

Այնուամենայնիվ, լրագրողներին թույլ են տվել նկարահանել թիկունքով դեպի դեսպանատան շենքը կանգնած:

Ակցիայի մասնակիցները բացել են «Свободу Pussy Riot» պաստառը և թմբկահարելով վանկարկել են «Богородица, Путина прогони» (Աստվածամայր քշիր Պուտինին – Pussy Riots խմբի երգից բառեր-խմբ.):

Ակցիան մոտ 15 րոպե է տևել, դեսպանատնից ակցիային չեն արձագանքել: