Շուրջ հազար սիրիացի փախստականներ հատել են Թուրքիայի հետ սահմանը: Ժամ առ ժամ աճում է իրենց բնակարանները լքող սիրիացիների թիվը: Գրանցված փախստականների քանակը 14 հազարի է հասել:
Թուրքական իշխանությունները մտահոգված են Սիրիայում տիրող իրավիճակով և նշում են, որ սահմանն անցնող փախստականների հոսքը չի դադարում: «Մարդիկ շարունակում են գալ, քանի որ Սիրիայում բռնությունների մակարդակը շարունակում է աճել: Ցավալի է, որ շարունակվում են սպանություններն ու ժողովրդի, այդ թվում` երեխաների և ծերերի հանդեպ կիրառվող բռնությունները»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդրողանը:
Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հետ սահմանամերձ Խատայ գավառում մի քանի վրանային քաղաքներ է տեղադրել: Հարևան Կիլիս գավառում կոնտեյներային տներից խոշոր քաղաք է կառուցվում: «Ենթակառուցվածքների նախապատրաստումը արդեն ավարտված է: Այս քաղաքում կտեղավորենք մեր հյուրերին, որոնք այժմ վրաններում են ապրում»,- նշել է Էրդողանը: