Ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքի հիմնադրամի բազմամյա տնօրեն Ջոն Ջոզեֆ Ուոթերսը երեքշաբթի դատական հայց է ներկայացրել ընդդեմ իր ղեկավարի` հայտարարելով, որ վերջինս իր և մյուս աշխատակիցներից խաբեության միջոցով 5 մլն դոլար է կորզել: Այս մասին հաղորդում է Star Tribune-ը:
Հայցում Ուոթերսը միաժամանակ նշել է, որ Գաֆեսճյանը շատ խիստ ղեկավար է եղել, ով տարիքի հետ ավելի ու ավելի պարանոյիկ է դարձել, միաժամանակ` ժլատ ու հիշաչար:
Ջոզեֆ Ուոթերսը, ով սկսել է աշխատել Գաֆեսճյանի համար, երբ վերջինս գործադիր տնօրեն էր West հրատարակչությունում, նաև պնդում է, որ Գաֆեսճյանը փորձել է արատավորել իր հեղինակությունը և խուսափել աշխատավարձերը վճարելուց` անհիմն մեղադրանքներ ներկայացնելով իր դեմ` հայտարարելով, թե Ուոթերսը յուրացրել է իր անձնական գումարները:
Ուոթերսը 47 էջանոց հայց է ներկայացրել առանց իրավաբանի օգնության: Հայցում նա միաժամանակ նշում է, որ խորապես հիանում էր Գաֆեշչյանով, թեև վերջինս շատ բարդ և պահանջկոտ տնօրեն էր:
«Գաֆեսճյանը ծայրահեղ եսասեր էր, ըստ իս` նարցիսականության դրսևորում էր դա: Գաֆեսճյանը նաև պարանոյա ուներ և հաճախ, գրեթե ամեն օր զայրույթից պոռթկում էր», – գրել է գործարարի նախկին աշխատակիցը:
Ուոթերսի խոսքով` ինքը հոգնել էր շահագործված լինելուց և որոշել է հեռանալ 2009 թվականին, սակայն շարունակել է աշխատել Գաֆեսճյանի համար մինչ 2011 թվականի կեսերը:
Ուոթերսը Գաֆեսճյանի գործերով է զբաղվել նաև Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում: 2009-ին Ուոթերսը տեղեկացել է, որ Գաֆեսճյանը փաստաբաններ և հաշվապահներ է վարձել իր բազմաթիվ ընկերությունների հաշիվները ստուգելու համար: Արդյունքում, Ուոթերսի խոսքով, Գաֆեսճյանն անհիմն մեղադրանքներ է ներկայացրել իր, ինչպես նաև այլ աշխատակիցների դեմ, բայց այդուհանդերձ շարունակել է օգտվել իր ծառայություններից մինչև 2011 թվականը:
Դատական գործում նշվում է, որ Դաշնային Բյուրոյի նախկին ղեկավար Ռիկ Օստրումը, ով այժմ աշխատում է որպես մասնավոր հետաքննիչ, ասել է Ուոթերսին, որ իր ընկերությունը վարձվել է Գաֆեսճյանի կողմից` ստուգելու համար Ուոթերսի դեմ առկա մեղադրանքներն:
Դեկտեմբերին Ուոթերսի հետ կապվել է Դաշնային Բյուրոն և հաղորդել, որ հետաքննություն է սկսել նրա դեմ:
Լուսանկարը` www.armenianhouse.org, արված է հատուկ asainc.org-ի համար