«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր պաշտոնապես հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին և շեշտել, որ ինքը միացել էր «Ժառանգությանը»՝ նրանց հետ մեծ գործեր իրականացնելու համար, սակայն, հետագա ճանապարհը բացառելով, ժամանակին ճիշտ որոշում է կայացրել: Այս մասին Հակոբյանն հայտարարել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Իմ որոշումն այն բարակած թելն էր, որ կտրվեց: Խնդիրն անձնական չէ, խնդիրը չի վերաբերում միայն «Ժառանգությանը», առավել ևս միայն ինձ, խնդիրն այն երևույթներն են, որոնք այս տարիների ընթացքում խորացել էին ու այսօրվա դրությամբ հասել վտանգավոր սահմանագծին», – նշել է նա:
Հակոբյանը հիշեցրել է ասույթ դարձած՝ «Կադրերը որոշում են ամեն ինչ» խոսքը և նշել, որ կադրային քաղաքականությունը տարիներ շարունակ Հայաստանին հասցրել է այս վիճակին:
«Այսօր ևս շարունակում է նույն գիծը և ավելի խորանում է: Թաց ու չոր խառնվել են իրար, դա շատ վտանգավոր է մեր երկրի ապագայի համար ու նպաստում է արտագաղթին: Մարդիկ չեն հեռանում միայն սոցիալական պայմանների պատճառով, մարդիկ հեռանում են, առաջին հերթին, անարդարությունից: Ցավով եմ նշում՝ սա ոչ թե «Ժառանգության» քննադատությունն է, այլ՝ ինքնաքննադատություն»,- ասել է նա:
Հակոբյանը խոստովանել է, որ երկու տարի գտնվելով կուսակցության շարքերում, բազմաթիվ տարաձայնություններ է ունեցել շատ ռազմավարական ու մարտավարական հարցերում:
«Ես գտնում եմ, որ պետք է մի գիծ բռնել, տանել մինչև վերջ ու փորձել հասնել հաջողության՝ անգամ օտարալեզու դպրոցների դեմ պայքարը չպետք է սկսվեր ու ավարտվեր մեկ նամակով՝ այն պետք է հասարակական ընդվզման պայքարի սկիզբը դառնար: Մեր մոտեցումները տարբեր հարցերում տարբեր էին», – ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իր կուսակցությունից դուրս գալը պայմանավորված է նաև «Ժառանգության» կազմած նախընտրական ցուցակի հետ:
«Ամեն ինչ պետք է հիմնավորված լինի, թե ինչ սկզբունքով ենք դասակարգում, ոչ միայ «Ժառանգության», այլև մյուս ցուցակներում: Այդ ցուցակներում կան հասարակության համար բացարձակ անհայտ երիտասարդներ, ու չնայած ես կողմնակից եմ այն բանին, որ երիտասարդները մուտք գործեն քաղաքականություն, բայց նրանք պետք է հասարակությանը ծանոթ լինեն իրենց քաղաքական դիրքորոշմամբ, իրեց ընդդիմադիր կեցվածքով: ԱԺ-ն փորձադաշտ չէ, որտեղ ուղարկվեն մարդիկ՝ հետագայում պարզելու՝ արդյոք նրանք ազնիվ են, գիտելիքներ ունեն, թե ոչ: Պետք է պատասխանատվություն լինի՝ ում ես ուղարկում ԱԺ և ում համար ես ճանապարհ բացում և ովքեր են վաղը որոշելու մեր երկրի ու ժողովրդի բախտը», – ասել է նա:
Խոսելով իր և «Ժառանգության» մյուս ղեկավար մարմինների այս հարցի շուրջ դիրքորոշման մասին` Հակոբյանը շեշտել է, որ չնայած շատերն են դեմ եղել, սակայն նրանք անկախ չեն իրենց որոշումներում:
«Խոսքը չի վերաբերում Լարիսա Ալավերդյանին, նա չնշեց հատկապես ցուցակը, չնայած, իմ կարծիքով, դարձյալ ցուցակի տրամաբանությունը դեր է ունեցել: Ալավերդյանը հայտարարեց, որ հրաժարվում է ընտրապայքարից, սակայն շատ սիմվոլիկ լինելու է 41-րդ տեղում՝ «Ժառանգության»-ն աջակցելու համար:
Լինելով «Ժառանգության» ջատագովը` Հակոբյանը նշել է, որ իր և շատերի համար անակնկալ է եղել նախընտրական ցուցակը՝ այն հիմնավորված չէ ու զուրկ է տրամաբանությունից:
«Կուսակցության քարտուղարը երրորդ դեմքն է, դա պաշտոն չէ, այլ պատասխանատվություն, ինչը պետք է երևա ցուցակում, և երբ քեզ հեռացնում են, ուրեմն հեռացնում են կուսակցությունից: Ինձ ասում են հեռու, և ես հեռանում եմ, դա իմ որոշումը չի՝ դա փոխադարձ է», – ընդգծել է նա:
«Ցուցակը կազմվել է Հովհաննիսյանի ու մի քանի խորհրդականների միջոցով, մարդիկ, ովքեր իր հետ են եղել, վստահաբար անուններ չեմ ասում: Նույն բացասական երևույթները կան նաև «Ազատ դեմոկրատների» ցուցակում: Անակնկալ են բոլոր անհայտ անունները՝ մասնավորապես անընդունելի է առաջին վեցնյակում տեսնել նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանին, ում երբեք չեմ տեսել քաղաքացիական ընդվզումների մեջ: Ցուցակի բովանդակությունը կնվազեցի «Ժառանգության» ձայները», – ասել է Հակոբյանը: