Կանադական Օնտարիո գավառի Լոնդոն քաղաքում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված տոնակատարությունները զանգվածային անկարգություններով են ավարտվել: Տոնակատարությունների արդյունքում ոչ սթափ վիճակում հայտնված քաղաքացիները ոստիկանների վրա քարեր և շշեր են նետել, ջարդել են մի քանի խանութներ և հրդեհել են տեղի հեռուստաալիքին պատկանող մեքենան: Արդեն ավանդույթի վերածված սովորության համաձայն, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ երկու օր տևած մի քանի անհատական երեկույթներ վերահսկողությունից դուրս են եկել:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստիպված էին ուժ գործադրել: Արդյունքում` 11 քաղաքացիներ են ձերբակալվել: Մոտավոր հաշվարկներով քաղաքին 100 հազար դոլարի վնաս է պատճառվել:
Սուրբ Պատրիկը Իռլանդիայի հովանավորն է, այս երկիր եկած առաջին առաքյալներից մեկը: Ամեն տարի մարտի 17-ին նրան նվիրված տոնակատարություններ են անկացվում Իռլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում, մի շարք կանադական գավառներում:
Այս օրը երաժշտական և գարեջրային երեկույթներ են կազմակերպվում, թեև նախկինում ողջ Իռլանդիայում այդ օրը գարեջրատները փակվում էին: