ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դեսպանատուն դիմող յուրաքանչյուր անձ պետք է կարողանա հիմնավորել իր ամուր սոցիալական, տնտեսական, մասնագիտական և այլ կապերը իր հայրենի երկրում, որպեսզի իրավասու լինի ստանալ արտոնագիրը: Այս մասին Epress.am-ին հայտնել են դեսպանատան լրատվական ծառայությունում` մեկնաբանելով «Հելսինկյան ասոցիացիայի»` դեսպան Ջոն Հեֆֆերնին ուղղված նամակը, որով կազմակերպությունը դեսպանին առաջարկում է մերժել մուտքի արտանագրեր տրամադրել մի շարք հայաստանցի դատավորներին:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը նշել էին, որ իրենց կազմակերպությունը վերջին տարիներին մի շարք քրեական գործերով տրամադրել է իրավաբանական օգնություն, որի ընթացքում արձանագրվել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներ թե’ մեղադրողների, թե’ դատավորների կողմից:
Դեսպանատանը հրաժարվել են այլ մեկնաբանություններից և նշել, որ իրենք առանձին գործերի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: