Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում խաղաղարար միջնորդի առաքելության շուրջ միավորած ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ ՄԽ-ի համանախագահ և մասնակից (1992-1996 թթ.) Վլադիմիր Կազիմիրովը «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հոդված է հրապարակել.
«Մինսկի գործընթացը հայերի կողմից ընդհանուր առմամբ դրական է գնահատվում, իսկ Բաքվում այն բավական հակասական է դերերի բաշխման առումով. իշխանությունը զգուշավոր է, իսկ ԶԼՄ-ները նրան քննադատում են անարդյունավետ լինելու համար: Այնտեղ վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են կոչ անում այլ մայրաքաղաքներին և միջազգային կազմակերպություններին հայերի վրա ճնշում գործադրել բռնագրաված տարածքներն ազատելու համար: Միաժամանակ, Բաքվում ելնում են բռնազավթման նկատմամբ առկա համընդհանուր բացասական գնահատականներից, սակայն թաքցնում են հստակեցումը. ինչպե՞ս է ծագել այս բռնագրավումը, ինչպե՞ս եղավ, որ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերին և ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդների առաջարկներին, Բաքուն պատերազմը ձգեց 2,5 տարի, որպեսզի հայերին ուժի միջոցով հաղթի, իսկ արդյունքում ստիպված եղավ վճարել 7 շրջանների կորստով: Այնտեղ մոռանում են, որ ճշմարտությունը հստակ է: Հայերի վրա ճնշում գործադրելու մասին Ադրբեջանի կոչերը այնքան էլ չեն գործում: Համանախագահների մանդատները անգամ իրավունք չեն տալիս նրանց ճնշում գործադրել բանակցությունների շրջանակներում:
Վիճարկելի հարցերում ճնշում գործադրելը դժվար է պատկերացնել, բայց այն բավական հիմնավորված է անվիճելի հարցերի դեպքում: Օրինակ, 1. խնդիրների ուժային լուծումը. կամ 2. պաշտոնապես ստանձնած պարտականությունների չիրագործումը: Ադրբեջանական կողմի դիրքերն այստեղ բավական խոցելի են. այն անընդհատ խոսում է խնդրի ուժային լուծման տարբերակի մասին և անգամ պաշտպանում այն. վաղուց չի կատարում 1995 փետրվարի 4-ին ընդունված զինադադարի ռեժիմը պաշտպանելու մասին պարտավորությունը և թաքցնում է, որ այն ստորագրվել է «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի անմիջական կարգադրությամբ:
Հայկական բռնազավթողներին հանգիստ չտալու վճռականությունը խոչընդոտում է կառուցողականությանը: Այն պաշտոնական Բաքվին դատապարտում է բացասականին և օգտակար առաջարկներից հրաժարվելուն, որը նրա համար համանախագահների աչքերում դրական գնահատական չի բերում: Ինչպես կարող ես այլ կերպ գնահատել հրադադարի խախտման դեպքերը, այնպիսի հայտարարությունները, ինչպիսին են. «պատերազմն ավարտված չէ», դիպուկահարներին սահմանից հեռացնելուց հրաժարվելը, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման ձգձգումը և այլն:
Շատերը հարց են ուղղում, իսկ քանի՞ տարի կպահանջվի ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ժամանակը շատ կարևոր գործոն է այսպիսի հարցերում, և 20 տարին ժամկետ չէ: Բայց այստեղ հարցը ոչ այնքան ժամանակն է, որքան գլխավոր հարցի հանդեպ կողմերի մոտեցումը. ինչպես հասնել խաղաղության` բանակցությունների՞, թե՞ պատերազմի միջոցով: Միջազգային հանրությունն արդեն մերժել է նոր պատերազմի տարբերակը, հաստատել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ինչ է, դա բավարար լուրջ կարգադրությո՞ւն է կողմերին, թե՞ միջազգային հանրության շանտաժ: Ամեն դեպքում, շատ ավելի վատ է, քան սխալը: Մեր անձնական շփումներից շատ լավ հիշում է, որ նրա հայրը տրամադրվել էր բացառապես խաղաղ ճանապարհի որդեգրմանը:
Միամիտ կլինի հուսալ, թե ռազմական սպառնալիքները կստիպեն հակառակորդին հեռանալ ամրագրված դիրքորոշումներից:
Անհրաժեշտ է խնդիրը ռազմական հարթությունից դեպի քաղաքականը տանել, հրաժարվել թշնամուն ռազմական ջախջախելու պատրանքից: Հաշված օրերի կամ ժամերի ընթացքում հնարավոր չէ լուծել այս հակամարտությունը: Ժամանակ չի տա նաև միջզագային հանրությունը, այն անմիջապես կստիպի դադարեցնել ռազմական գործողությունները»: