Րոպեներ առաջ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որին կողմ քվեարկեցին 68 պատգամավոր: Հիշեցնենք, որ օրենքի նախագծում նշվում է, որ ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ:
Օրենքին դեմ հանդես եկած խմբակցությունները` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը:
«Ընդունեք սա որպես քաղաքական դիրքորոշում», – հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ այն մեթոդը, որով անցկացվում է օրենքը, ամբողջովին անընդունելի է:
Պատգամավորը, առաջին հերթին, նկատի է ունեցել այն փաստը, որ կարևոր օրենքի վերաբերյալ հանրային լսումներ չեն անցկացվել, բացի դա, երեկ քվեարկությունը հետաձգվել է, քանի որ, ըստ ընդդիմադիր պատգամավորների, իշխող ՀՀԿ-ն չի կարողացել ապահովել իր պատգամավորների մասնակցությունը, որոնք կարող էին կողմ քվեարկել օրինագծին:
ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այն պատգամավորներին, ովքեր չեն քվեարկել` նշելով, որ նրանք պայքարի այլ մեթոդ չեն գտել:
«Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք, ովքեր կողմ քվեարկեցին, մոտ ապագայում չտեսնեն իրենց անհեռատեսության ծանր հետևանքները», – ասել է Հովհաննիսյանը: