Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հրեական քոլեջի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդը հայտարարել է, որ որոշել է գնալ ոճրագործության, որպեսզի վրեժ լուծի Պաղեստինում սպանված երեխաների համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գեանին:
Ըստ նախնական տվյալների` 24-ամյա տղամարդը կապված է Ալ-Ղաիդայի հետ:
Այսօր վաղ առավոտյան Թուլուզում սկսվել է հանցագործի ձերբակալմանն ուղղված գործողությունը, որի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան:
AFP-ի տեղեկություններով` ոստիկանները գործողության անցկացման վայր են բերել կասկածյալի մորը, սակայն վերջինս հրաժարվել է խոսել որդու հետ:
«Նա հայտարարել է, որ առանձնապես չի կարող ազդել նրա վրա», – ասել է ՆԳ նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին տղամարդը կրակ էր բացել դպրոցի կանգառում կանգնած մարդկանց ուղղությամբ և փախուստի դիմել մոտոցիկլետով: Հարձակման հետևանքով 4 մարդ էր զոհվել: