Կալիֆորնիայում «Հայկական ուժ» (Armenian Power) հանցավոր խմբավորման անդամը և նրա երեք համախոհները մեղավոր են ճանաչվել բանկային զեղծարարությունների իրականացման մեջ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:
Մամլո հաղորդագրության մեջ նշված են դատապարտվածների անունները` Արմեն Շարոպետրոսյան, Կարեն Մարկոսյան, Արտուշ Մարգարյան և Քրիստին Օհանջանյան: Մեղադրական վճիռները կայացվել են մարտի 16-ից 21-ը:
Նրանց պատժի չափը կորոշվի օգոստոսի 6-ին: Մեղադրական վճռի համաձայն, նրանցից յուրաքանչյուրին մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Իրավապահ մարմինները գտնում են, որ Շարոպետրոսյանը «Հայկական ուժ» խմբավորման անդամ է: Հետաքննության տեղեկություններով` նա ևս մեկ դատապարտյալ` Անգու Բրաունի հետ ղեկավարում էր զեղծարարների գործողությունները` միաժամանակ գտնվելով բանտում:
Հանցագործները գտնում էին տարբեր մարդկանց անձնական տվյալներ և տարբեր մեքենայությունների միջոցով նրանց բանկային հաշիվներից գումարներ էին գողանում: 6 տարիների ընթացքում նրանք մի քանի նահանգների բնակիչներից ավելի քան 10 միլիոն դոլար են գողացել:
Ամերիկյան իրավապահները 2011-ի փետրվարին զանգվածային գործողություններ են իրականացրել «Հայկական ուժ» խմբավորման դեմ: Արդյունքւոմ ձերբակալվել էին մի քանի տասնյակ մարդիկ: Բանդան ստեղծվել է 1980-ականներին Լոս Անջելեսում: