Home / Հայաստան / Թամամյանին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման

Թամամյանին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման 308 հոդվածի 1-ին (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որի ժամանակ իր դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործվել) և 2-րդ կետերով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Թամամյանի գործով անցնող ամբաստանյալներ Արմեն Պողոսյանին և Վահան Խանզադյանին, որոնք անցնում են միայն 2-րդ կետով, դատապարտել են 2 տարվա պայմանական ազատազրկաման:

Նշենք, որ ամբաստանյալներն ընդունել էին իրենց մեղքը, և գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով, ուստի նրանց նկատմամբ չէր կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը: Թամամյանի հոդվածներով նախատեսված էր առավելագույնը վեց տարվա ազատազրկում, այսինքն` նրա հանդեպ դատախազը միջնորդել է կիրառել հնարավոր խստագույն պատիժը` 4 տարի, որն էլ բավարարվել էր դատարանի կողմից:

Հովհաննես Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը որոշումն անարդար է համարել` նշելով, որ պաշտպանական կողմը դեռևս չի որոշել, թե արդյոք դատարանի վճիռը բողոքարկվելու է: Այդ մասին Գևորգյանը կհայտարարի Թամամյանի հետ խորհրդակցելուց հետո:

Հիշեցնենք, որ Թամամյանի  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրներին հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորություն իրականացնելու, ինչպես նաև 2010թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Խաչիկ Մկրտչյանի սպանության գործի ընթացքում օրենքի խախտումներ թույլ տալու մեջ: