ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների և անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետևողական ջանքերի համար: Այս մասին նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում, որը վերջինս հղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Ընդգծելով, որ թեև Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռևս մնում է չիրագործված, Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման և խաղաղության պահպանման համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական և կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի: