«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունն ապրիլին քննարկումների է հրավիրել բոլոր այն կուսակցություններին, ովքեր պատրաստվում են մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` իմանալու համար, թե ինչ ծրագիր ունեն նրանք կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Այս մասին Epress.am-ին հայտնել է կանանց իրավունքերով զբաղվող ՀԿ-ի նախագահ Լառա Ահարոնյանը` հավելելով, որ միայն քննարկումներից հետո իրենք կորոշեն` որ կուսակցությանը պաշտպանել:
«Մենք դեռ չգիտենք, որ կուսակցությունը ինչ ծրագիր ունի` կանանց իրավունքների պաշտպանության համար, որոնք է համարում գենդերային հավասարության ամենամեծ խնդիրները Հայաստանում և ինչպես է պատկերացնում դրանց լուծումը: Մենք պատրաստվում ենք իմանալ նրանց ծրագիրը և հարցեր ունենք տալու կուսակցություններին` կապված այն խնդիրների հետ, որոնք մեր կարծիքով առաջնային են և շտապ լուծում են պահանջում», – ասել է Ահարոնյանը:
Կանանց ռեսուրսային կենտրոնի դիտարկմամբ` կանանց իրավունքների պաշտպանբության համար առաջնային քայլերը, որ նոր ԱԺ-ն պետք է անի, երկու օրենսդրական փոփոխություններ են և կանանց աղքատության հաղթահարման ծրագիր մշակելը:
«Առաջին քննարկմամբ ընդունվել է սեռական բռնության մասին օրենք, սակայն այս նախընտրական շրջանում այդ հարցի հետագա ընթերցումները ժամանակավորապես հետաձգվել են: Պետք է վստահ լինենք, որ նոր ԱԺ-ն չի մոռանա այս կարևոր հարցը: Երկրորդ օրենսդրական փոփոխությունը ընտանեկան բռնության մասին օրենքի մշակումն ու անցկացնում է», – ասել է Լառա Ահարոնյանը: