ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլում անցկացվող Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին հայտարարել է, որ Իլհամ Ալիևը ապատեղեկատվություն է տարածել Հայաստանի ատոմակայանի մասին: Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է պարունակում տարածաշրջանի համար:
«Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սարգսյանի խոսքով` Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ ՀՀ նախագահի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաև միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ:
Երկրի ղեկավարի խոսքով` ոչ պակաս կարևոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետևանքները, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից և ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել:
«Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում», – ասել է Սերժ Սարգսյանը: