Home / Հայաստան / Գալիք ընտրությունները չեն կարող իրական փոփոխության բերել. կարծիք

Գալիք ընտրությունները չեն կարող իրական փոփոխության բերել. կարծիք

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանի դիտարկմամբ ընտրությունները մեր երկրում չեն կարող բերել որևէ իրական փոփոխության` հաշվի առնելով առկա օլիգարխիկ համակարգը:

«Նայեք, ընտրված կուսակցությունների 2007թ. առաջարկած ծրագրերը և համեմատեք  այսօր մեր ունեցածի հետ, ընդամենը համեմատեք թվերը: Մեր ՀԿ-ն  պակաս արդյուքնավետ է համարում այդ ծրագերի ուսումնասիրելը, առաջարկներ անելը,  քանի որ մեզանում ընտրությունները ոչ մի փոփոխության չեն բերում: Մենք ավելի արդյունավետ ենք համարում քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում մեր միջամտությունը, մարդկանց իրենց իրավունքների մասին  տեղեկացնելը և դրանց համար պայքարելու ընթացակարգը սովորեցնելը», – ասել է Գոռ Հակոբյանը:

ՄԻԺԻ-ի փոխնախագահը հիշեցրել, որ 2007 թվականին ՀԿ-ն բոլոր կուսակցություններին հարցումներ է ուղարկել` պատասխանելու, թե ինչպես են  նրանք տեսնում մի շարք առաջնային խնդիրների հաղթարումը: Որոշ կուսակցություններից նրանք ստացել են պատասխաններ, որոշ կուսակցություններից` ոչ: Այս տարի նման քննարկումներ ՀԿ-ն չի պատրաստվում նախաձեռնել:

«Մեզ մոտ քաղաքական կուսակցությունները չեն կարողանում հանրային շահի ձևակերպումը տալ, հասարակությանը հուզող խնդիրները բերել օրակարգ:  Մինչ դա չարվի, ընտրությունների արդյունքում վերարտադրվելու է այն, ինչ կա»,- ասել է Գոռ Հակոբյանը:

Որպես Մաշտոցի այգու պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Գոռ Հակոբյանն ասել է, որ այգով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունները չունեն միասնական քաղաքական կողմնորոշում:

«Նախաձեռնությունում կան շատերը, ովքեր  կուսակցական են,  ընդ որում շատ տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցողներ կան, սակայն մեզ բոլորիս միավորում է հանրային շահի  համար պայքարը, օրինական որոշումներ ընդունելու պահանջը», – ասել է Գոռ Հակոբյանը: