Մաշտոցի այգում 1,5 ամիս բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները նամակ են հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տղեկացնելով, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ին մի խումբ մարդիկ սեփական ձեռքերով ապամոնտաժելու են այգում տեղադրված տաղավարները:
Անդրադառնալով բողոքի նախապատմությանը` Մաշտոցի այգու ակտիվիստները հիշեցնում են ոստիկանապետին, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որ տաղավարները ենթակա են ապամոնտաժման երեք տարվա ընթացքում։
«Իր որոշման մեջ կառավարությունը չի հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը։ Դրա հետևանքով քաղաքացիների և Երևանի քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական լուծումը։ Մարտի 17-ին երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, ձևավորել են «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»։ Քաղաքացիների դատարանը պահանջել է Երևանի քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի քաղաքապետը թողել է այդ պահանջը անպատասխան», – գրում են նամակի հեղինակները։
Նրանք նշում են, որ մարտի 27-ին պուրակում ՀՀ քաղաքացիների ժողով է կազմակերպվել, որի մասնակիցները, ընդունելով «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը, որոշել են հայտնել իրենց պատրաստակամությունը՝ ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները սեփական միջոցներով:
«Ուստի տեղեկացնում ենք Ձեզ, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ին Մաշտոցի պուրակում նախատեսված է ապամոնտաժել անօրինական կառուցված տաղավարները: Ապամոնտաժման աշխատանքները կատարելու են հետևյալ անձինք` Էմիլ Աբրահամյան, Ստեփան Դանիելյան, Տիգրան Խզմալյան, Հարություն Կարապետյան, Արմեն Հովհաննիսյան, Հայկազն Ղահրիյան, Անդրիաս Ղուկասյան, Կարեն Շիկոնյան, Մանվել Սարկիսյան, Սարո Սարոյան», – ասված է նամակում:
Ակտիվիստները նաև նշել են այն գործիքները, որոնց օգնությամբ իրականացվելու է ապամոնտաժումը և ոստիկանությունից պահանջել են ապահովել վերոնշյալ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար ու ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: