Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին վիրավորել է 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Զինված ուժերում սպանված ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալիկչիի ընտանիքին` հայտարարելով, որ զինված ուժերում ծառայելու ժամանակ սպանված ոչ մահմեդական քաղաքացիները չպետք է նահատակ համարվեն, հայտնում է Todays Zaman-ը:
Ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում նահատակությունը սովորաբար ազգային եզրույթ է և ոչ կրոնական: Յուրաքանչյուր ոք, ով ծառայություն իրականացնելիս սպանվում կամ անգամ պատահաբար մահանում է, նահատակ է համարվում: Զինված ուժերում մահացածների ընտանիքները սովորաբար ամսական նպաստ են ստանում պետության կողմից:
Սևակ Բալիկչիի ընտանիքի անդամները խոսել են Radikal պարբերականի հետ` նշելով, որ դավանանքի մասին Բահչելիի խոսքերը վիրավորական և խտրական են: «Մինչ այժմ, մենք մեկ ազգ էինք: Այժմ նրանք ստիպում են մեզ մտածել, որ մենք «ուրիշ ենք»», – ասել է Սևակի մայրը` Անի Բալիկչին:
Հիշեցնենք, որ Սևակ Բալիկչիի սպանությունը նախնական վարկածի համաձայն պատահականություն էր համարվում: Սկզբում քննության ընթացքում զինվորականներից մեկը հայտնել էր, որ տղաները «կատակում էին իրենց հրացաններով», որի ընթացքում զինվորականներից Կիվանչ Աղաօղլուն պատահաբար կրակել էր Սևակի վրա:
Ավելի ուշ` նոր ցուցմունքների առկայության պայմաններում, Բալիկչիի սպանությունը սկսեցին կանխամտածված համարել:
Բալիկչիի ընտանիքի փաստաբանները, հիմնվելով իրենց կասկածների վրա, միաժամանակ կապելով դեպքն այն հանգամանքի հետ, որ սպանությունը տեղի էր ունեցել Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված օրը`ապրիլի 24-ին, ավելի վաղ դատարանում հայտարարել էին, որ Աղաօղլուի արարքը պատահականություն չէր, և որ նա գիտեր` ինչու է հրացանն ուղղում Բալիկչիի վրա: Աղաօղլուի փաստաբաններն, իրենց հերթին, պնդում էին, որ Բալիկչին և Ագաօղլուն մտերիմ ընկերներ են եղել, և որ նրա հրացանը պատահմամբ է կրակել:
Կիվանչ Աղաօղլուի նկատմամբ հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է: