Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ. դաշտի տերերը ոչ մի գնդակ չխփեցին

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ. դաշտի տերերը ոչ մի գնդակ չխփեցին

Մարտի 27-ին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի երկու հանդիպումներում դաշտի տերերը ոչ մի գնդակ չխփեցին: «Բենֆիկան» 0:1 հաշվով պարտվեց «Չելսիին», իսկ ԱՊՈԵԼ-ը 0:3՝ «Ռեալին»:

Մարտի  28-ին ստեղծված ավանդույթը շարունակվեց. Մարսելի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային», որի կազմում աչքի ընկան Մարիո Գոմեսը և Արյեն Ռոբենը, իսկ «Միլանը» սեփական հարկի տակ 0:0 խաղաց «Բարսելոնայի» հետ: Ի դեպ, դա 4 խաղերից միակն էր, որտեղ դաշտի տերերը չպարտվեցին:

Չնայած առաջին խաղակեսում «Բարսելոնան» մեծ տարածքային և խաղային առավելություն ուներ, Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակրին այդպես էլ չհաջողվեց գրավել Կրիստիան Աբյատիի դարպասը: Բացի դա, «Միլանը» մեկ-երկու վտանգավոր հակագրոհ ձեռնարկեց, սակայն Ռոբինյոն և Իբրահիմովիչը չկարողացան գրավել Վալդեսի դարպասը: Երկրորդ կեսին «Միլանը» վերադասավորվեց և ինչ-որ չափով հավասարեցրեց խաղը: Այնուամենայնիվ, թիմերը չկարողացան իրացնել իրենց պահերը, իսկ 0:0 հաշիվը նշանակում է, որ հակամարտության ելքը բաց է: Չնայած «Բարսան» մնում է այս զույգի ֆավորիտը, բայց մրցակցի հարկի տակ խփած մեկ գնդակը առավելություն կտա իտալական ակումբին: