Տնտեսագետ Սամվել Ավագյանի մոտավոր հաշվարկներով` Հայաստանում ընտրությունների ժամանակ ծախսվում է մոտավորապես 70 միլիոն դոլար: Տմտեսագետն իր հաշվարկներում ներառել է բոլոր թեկնածուների, կուսակցությունների ծախսերը, նաև պետական բյուջեից հատկացումները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավագյանը նշել է, որ տնտեսական գործընթացների վրա ընտրություններն ունեն երկակի ազդեցություն` ուղղակի և անուղղակի: Ուղղակի ազդեցություններն արտահայտվում են հետևյալ ուղղություններով` մանրածախ առևտրաշրջանառություն, հրատարակչական բիզնես, գովազդային բիզնես, մեդիա դաշտ և փոխարժեք:
«Պաշտոնական վիճակագրության մեջ, եթե ուշադիր հետևեք, որոշ չափով արտացոլվում է ընտրությունների ազդեցությունը, մասնավորապես, 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրվել է մանրածախ ապրանքաշրջանառության 20 տոկոս աճ միայն ապրիլ ամսին: Արձանագրվել է հրատարակչական բիզնեսի երկու անգամյա աճ միայն մարտ ամսին: Արձանագրվել է փոխարժեքի որոշ արժևորում դոլարի նկատմամբ: Սրանք ուղղակի ազդեցություններն են», – ասել է Ավագյանը:
Անուղղակի հիմնական ազդեցությունը, ըստ բանախոսի, այն է, որ նախընտրական շրջանում ներդրումային ակտիվությունը որոշ չափով նվազում է, քանի որ գործարար դաշտն ակտիվորեն ներգրավվում է քաղաքական գործընթացների մեջ և առաջանում են սպասողական վիճակներ, որից տուժում է ներդրումային դաշտը:
«Բացի դա, այն պոպուլիստական խոստումները, որոնք տրվում են այդ ընթացքում տարբեր քաղաքական ուժերի` իշխող քաղաքական ուժի և ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից, բացասաբար են անդրադառնում կառավարության ծրագրերի վրա, քանի որ կառավարությունը նույնպես, կարծես, սկսում է պոպուլիստական որոշ քայլեր անել», – ասել է Սամվել Ավագյանը: