Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռուսաստանյան ռադիոլոկացիոն կայանի կառուցման համար, եթե Մոսկվան ու Բաքուն համաձայնություն չգան Գաբալայի ռադարի հարցում:
«Եթե մեր տարածքը նման հետաքրքրություն է ներկայացնում, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` նման կայանի գործունեության շառավիղը կարող է անգամ ավելի մեծ լինել, քան Գաբալայի ռադիոլոկացիոն կայանինը: «Այստեղ անգամ կարող են առավելություններ լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Ծածկույթն ավելի մեծ կարող է լինել»,- պարզաբանել է Սարգսյանը:
Ադրբեջանի ռադիոլոկացիոն կայանը ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն մասն էր և նախատեսված էր ԽՍՀՄ հարավային սահմանների պաշտպանության համար: Ադրբեջանի անկախացումից հետո կայանը դարձավ Ադրբեջանի սեփականությունը, սակայն Ռուսաստանը շարունակում էր օգտագործել այն վարձակալության պայմաններով: 2002 թվականին 10 տարով պայմանագիր կնքվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Գաբալայի կայանի գործունեության խնդիրը բազմիցս ներքաղաքական վեճերի առիթ է տվել, այդ թվում` Ադրբեջանի խորհրդարանում: