Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող Կոնդ թաղամասի խաբված բնակիչները լրագրողների հետ զրույցում հայտարարել են, թե հույս չունեն, որ իրենց խնդիրները կլուծվեն:
Նրանք նշում են, որ 2007թ. դեկտեմբերին 215 ընտանիքներ պայմանագիր են կնքել քաղաքապետարանի և մի լիբանանցի գործարարի հետ` պայմանով, որ իրենց քանդված տների տեղը կառուցվելիք բնակելիներում կունենան բնակարաններ: Ըստ ծրագրի` շենքերը պետք է պատրաստ լինեին պայմանագիրը կնքելուց հետո 30 ամսվա ընթացքում, սակայն, թեև արդեն 4 տարի է անցել, շենքի միայն առաջին հարկի շինարարություն է սկսվել ու կիսատ մնացել, քանի որ լիբանանցի գործարարը, որի անունը բնակիչները չգիտեն, հողերը կառուցապատման համար հանձանել է «Դաունթաուն» ընկերությանը, իսկ վերջինս, իր հերթին, լուծարվել է:
Կոնդեցիների խոսքով` իրենք պատրաստվում են բոյկոտել մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունները, և հաջորդ տարվա նախագահական ընտրությունները:
«Ընտրությունների օրը մենք միտինգ ենք անելու: Չենք թողնելու մտնեն մեր դպրոց և ընտրություն անցկացնեն: Մեզ բոլորը խաբում են: Չորս տարի է անտուն են 220 ընտանիք, համարյա 1000 մարդ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ անցած ակցիայի ժամանակ կոնդեցիներին լսել էր Մարդու իրավունքների պաշտան Կարեն Անդրեասյանը, ով ասել էր, թե խնիդրը շատ բարդ է և բնակիչները պետք է դատարան դիմեն:
«Պետությունը երրորդ անձ կանգնեց, և մենք, նրան հավատալով, պայմանագիր կնքեցինք ընկերության հետ: Թող պետությունը «Դաունթաունին» դատի տա: Ինչո՞ւ չի տալիս: Ժողովրդի փեշի հետևում պախկվում ա, ասում ա` դու գնա դատի տուր, որովհետև չեմ ուզում վատամարդ լինեմ, իրա հետ հավասար կերել եմ», – ասել է կոնդեցի միջին տարիքի մի կին: