Ապրիլի 1-ից 4-ը Բաքվում կայացած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 2-րդ լիագումար նիստին հայաստանյան պատվիրակության պատգամավորների աշխատանքը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դրական է գնահատել:
Բաքու մեկնած 8 պատգամավորներից 4-ը` Վահան Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը և Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգությունից», հանդիպել են լրագրողների հետ և իրենց տպավորություններն են պատմել Բաքու կատարած այցելությունից:
Պատգամավորները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ագրեսիվ են որակել:
Վահան Հովհաննիսյանի խոսքով` այդ ելույթը, որում Ալիևը հայերին մեղադրել է օկուպացիայի և խաղաղ բնակչության սպանությունների մեջ, սառը ցնցուղ էր ամբողջ «Եվրանեսթի» համար. այն նիստի պատվիրակների վրա վատ տպավորություն թողեց:
Հովհաննիսյանը նշել է, որ Ալիևի խոսքից հետո ադրբեջանցի պատվիրակները մոտեցել են իրենց և ներողություն խնդրել իրենց նախագահի ելույթի համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հրաժարվել է բարձրաձայնել այդ պատգամավորների անունները` խնդիրներ չստեղծելու համար:
Նրա խոսքով` հայկական կողմը չէր կարող լուռ մնալ: Հայաստանյան պատվիրակության կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանի ներկայացուցիչների «հստակ փաստարկված հայտարարությունները և հավասարակշռված պահվածքն ամբողջությմաբ փոխեցին նիստի մթնոլորտը` հարգանքի արժանանալով ոչ միայն Եվրոպական խորհրդարանի և Արևելյան գործընկեր երկրների, այլ նաև մի շարք ադրբեջանցի պատգամավորների կողմից»:
«Բոլորին պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը դեպի փակուղի տանելու հիմնական և միգուցե միակ պատասխանատուն Ադրբեջանի նախագահն է` իր չպատճառաբանված հավակնոտությամբ», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանի մասին, ասել է, որ «գործ ունենք սուլթնատի հետ, և ադրբեջանցի ժողովուրդն ու քաղաքական էլիտան պատանդ են մեկ մարդու մոլուցքի և սեփական կամքի»:
Լիլիթ Գալստյանի խոսքով` Ալիևի ելույթից հետո իրենց հնարավորություն չի ընձեռնվել պատասխանել Ադրբեջանի նախագահին, սակայն իրենց հետագա ելույթներում կարողացել են դա անել:
Ստեփան Սաֆարյանը Ալիևի վերջին օրվա ելույթը որակել է սրտնեղած` նշելով, որ որքան էլ Ադրբեջանը հյուրընկալող երկիր էր, այնուամենայնիվ, Ալիևը հյուր էր այդ նիստին:
Պատգամավորը պատմել է, որ իրենք քննադատել են Ադրբեջանը:
«Մի փոքր պիտի խոստովանեմ, ձեռնոց էլ նետեցինք` նշելով, որ ամբողջ աշխարհը զարգանում է դեպի վերականգնողական ապագային միտված, կանաչ էներգիայի բնագավառում, բայց Ադրբեջանը դեռևս ընդամենը արտահանում է այն ինչ ունի` դա նավթի և գազի պաշարներն են: Մինչդեռ կան շատ լուրջ խնդիրներ էներգետիկ սեկտորի հետ կապված և վտանգներ», – նշել է Սաֆարյանը: