Ապրիլի 5-ին Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել 150 հազար դոլար փոխհատուցում տրամադրել ամերիկահայ քննիչ Սթիվ Կարագյոզյանին` ծառայակիցների կողմից էթնիկ հողի վրա վիրավորանքներ հասցնելու համար, հաղորդում է Glendale News Press-ը:
Կարագյոզյանը, ով պահանջում էր 225 հազար դոլար, դիմել էր դատարան` նշելով, որ ծառայակիցներն իրեն վիրավորում էին հայ լինելու համար, մասնավորապես, անվանելով «գլխաշորով մարդ»: «Գլխաշորով մարդ» ԱՄՆ-ում ծաղրական կերպով անվանում են մահմեդականներին, ովքեր չալմաներ են կրում:
Դատարանը ապացուցված է համարել, որ Բըրբենքի ոստիկանության բաժնում, որտեղ մինչ օրս աշխատում է Կարագյոզյանը, էթնիկ հողի վրա վիրավորանքներ են հնչել: Ի դեպ, հայազգի քննիչը 2007 թվականին Բըրբենքում «Տարվա սպա է ճանաչվել»:
Կարագյոզյանի փաստաբան Սոլոմոն Գրեսենը նշել է, որ իր պաշտպանյալը վախենում է, թե դատարանի նման որոշումից հետո կրկին խնդիրներ կունենա աշխատավայրում, և իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք կլինի: Փաստաբանը կոչ է արել Բըրբենքի քաղաքային իշխանություններին անհապաղ զբաղվել էթնիկ վիրավորանքների խնդրով:
Քաղաքային իշխանությունները, որոնց իրավասության ներքո գործում է ոստիկանական բաժինը, իրենց հիասթափությունն են արտահայտել որոշման կապակցությամբ: Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ եթե Կարագյոզյանը ժամանակին դիմեր իրենց, այդ խնդիրը լուծում կստանար:
Սոլոմոն Գրեսեն, իր հերթին, մեղադրել է իշխանություններին տվյալ գործի առնչությամբ սխալ պահվածք դրսևորելու մեջ:
«Նրանք միլիոններ են ծախսել 225 հազար արժողությամբ հայցը մերժելու համար: Դա հարկատուների գումարների խայտառակ մխսում է: Իրենք կարող էին շատ ավելի քիչ գումարներ ծախսել թրեյնինգների համար, որի արդյունքում հնարավոր կլիներ խուսափել նման դեպքերից», – ասել է փաստաբանը: