Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ռուբեն Հայրապետյանի հրավերը և տեղ ու ժամ նշանակել

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ռուբեն Հայրապետյանի հրավերը և տեղ ու ժամ նշանակել

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընդունել ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բանավեճի հրավերը:

Ըստ Փաշինյանի` քանի որ Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ձևաչափը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ինքը` որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, պատրաստ է բանավիճել Հայրապետյանի հետ երկուշաբթի` ապրիլի 16-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:

«Հիշեցնելով, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Այսօրվա ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ

Սույնով վերահաստատում եմ թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) բանավեճի հրավերը, բայց եթե վաղեմի բարեկամներ Հայրապետյանն ու Ալեքսանյանը մտադիր են միասին ներկայանալ երկուշաբթի օրվա ուղիղ եթերին, չեմ առարկում», – հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում իր դեմ առաջադրված Գայանե  Առուստամյանի` իր հետ բանավիճելու առաջարկին, հայտարարել էր, որ ինքը կնոջ հետ չի ցանկանում բանավիճել:

ՀՀԿ-ականը կոչ էր արել ՀԱԿ-ի առաջին տասնյակում ընդգրկված տղամարդկանց, բացի երրորդ համարից, ով իր ընկերն է («Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը-խմբ.), գալ և բանավիճել իր հետ:

Նա հայտարարել է, որ Գայանե Առուստամյանը, առաջարկելով իրեն բանավիճել, հետևում է Նիկոլ Փաշինյանի օրինակին, ով բանավեճի էր հրավիրել 7-րդ ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանին: