«Ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի քան 450 հազար մարդ», – այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձի մեջ:
Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները:
«Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, ովքեր ահռելի աշխատանք կատարեցին, և կրկին վստահեցնում եմ, որ գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել իրենց արդյունավետ աշխատանքով և պարկեշտությամբ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում, մեծ և փոքր համայնքներում ու գյուղերում: Հանդիպել եմ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների հետ: Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին:
Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարևոր գործ` քան մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլեւս իմ կյանքի հիմնական նպատակն է:
Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց և քննարկելուց հետո: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի», – ասված է ուղերձում: