Կառավարության մոտալուտ հրաժարականից հետո Հայաստանի վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում է հայտնվել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Ինչ վերաբերում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ի կարևոր պաշտոններ զբաղեցնող որոշ ղեկավար անձինք դեմ են արտահայտվում վերջինիս վարչապետ մնալու փաստին, և երկրի համար կործանարար են համարում նրա գործունեությունը:
«Սերժ Սարգսյանը դեռևս չի ցանկանում հրաժարվել ապագայում «հայկական աշխարհ» կառուցելու հեռանկարային երազանք ունեցող Տիգրան Սարգսյանից: Այս պահին Սերժ Սարգսյանը դեռևս չի վճռել Տիգրան Սարգսյանի ճակատագիրը: Այնուամենայնիվ, ՀՀԿ վերնախավում չի մեռնում հույսը, որ Սերժ Սարգսյանը կարող է փոշմանել և հանուն սեփական կուսակցության զոհաբերել Տիգրան Սարգսյանին»,- գրում է թերթը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` չի բացառվում, որ ՀՀԿ վերնախավում ընթացող երկարատև քննարկումներից հետո որոշում կայացվի ՀՀ վարչապետի պաշտոնը վստահել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ, ըստ ՀՀԿ-ականների, նա բավական կայացած «ֆիգուր» է:
«Սակայն այս մասին ՀՀԿ-ականները որևէ կերպ չեն ուզում բարձրաձայնել և այդ ներքին որոշումը իրենց կուսակցության շրջանակներից դուրս հանել, քանի դեռ Սեյրան Օհանյանին մեկ այլ արժանի կադրով փոխարինելու հարցր չեն լուծել: Չնայած չեն բացառում, որ պաշտպանության նախարարի լավագույն տարբերակը ՀՀ ԶՈՒ պետ Յուրի Խաչատուրովն է», – հավելում է թերթը: