Մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հրապարակելու է, թե ովքեր են զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, ինչպես նաև նախարարների պաշտոնները, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կոալիցիայից դուրս եկած ԲՀԿ-ի անդամ Արթուր Գրիգորյանի փոխարեն նշվում է ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի անունը:
Բերբերյանը, սակայն, «Հրապարակին» ասել է, որ այդ մասին թերթից է իմանում և որևէ հավակնություն չունի գործադիր պաշտոնների նկատմամբ:
Առողջապահության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն, ըստ լուրերի, 2 թեկնածություն է քննարկում` ՀՀԿ փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան կամ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյան:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարն է ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը: