Home / Հայաստան / Օմբուդսմենի գրասենյակն առաջարկում է պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Օմբուդսմենի գրասենյակն առաջարկում է պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

Հայաստանի Հանրապետությունը պետք է փուլային ռազմավարական պլան մշակի, որը կապահովի երկրի բոլոր խոցելի երեխաների համար համապարփակ, երեխաների իրավունքների վրա հիմնված ծառայությունների ստեղծումը: Հայաստանը նաև պետք է տվյալ հարցում լրիվ պատասխանատվություն վերցնի որպես պարտականություն կրող: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքերի գրասենյակի ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացված զեկույցում, որը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության կողմից Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ:

Զեկույցում օմբուդսմենը մի շարք կարևոր խնդիրներ է բարձրացնում, մասնավորապես, սելեկտիվ աբորտների հարցը:

«Հայաստանում սելեկտիվ աբորտների հետևանքով արձանագրված սեռերի համամասնության լուրջ շեղումների պատճառով, ըստ ոլորտի մասնագետների` արդեն շուրջ 15 տարի անց հայ տղաները կողակից գտնելու բարդ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ նրանց թիվը մի քանիսով կգերազանցի հայ աղջիկների թվին: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՀՀ ԱՆ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ իրականացված «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի շուրջ 900 հազար վերարտադրողական տարիքի կանանցից մոտ 7200-ը կանխել են աղջիկ երեխաների ծնունդը` աբորտ անելով: Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված չէ, սակայն համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի` այն թույլատրվում է միայն մինչև հղիության 12-րդ շաբաթը:

Հետազոտությունները անցկացվել են 2011-ին 2830 ընտանիքներում` 15-49 տարեկան կանանց շրջանում, որոնք երբևէ հղի են եղել, ինչպես նաև կանանց, որոնք երբևէ արհեստական ընդհատել են հղիությունը: Հետազոտության ընթացքում իրականացված հարցումների մասնակիցների մեծ մասը` տղա երեխաներին նախապատվություն տալը պատճառաբանել է «ցեղը շարունակելու, ազգանունը կրելու» հանգամանքով: Այսպիսով, փաստորեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով միջինացված տվյալներով` Հայաստանը տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա աղջիկ երեխա», – ասված է ՀՀ ՄԻ պաշտպանի զեկույցում:

Այս առնչությամբ օմբուդսմենն առաջարկում է ուսումնասիրել սելեկտիվ աբորտների պատճառները, քայլեր ձեռնարկել հասարակության մեջ կանանց դերի բարձրացման և գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև կատարել փոփոխություններ համապատասխան իրավական ակտերում, համաձայն որոնց կարգելվի երեխայի սեռի կանխորոշումը, եթե դա անհրաժեշտ չէ կանխելու սեռով պայմանավորված ժառանգական հիվանդությունները, կամ սեռը հայտնել հղիության այնպիսի շրաջանում, երբ առանց հատուկ բժշկական ցուցումի հղիության արհեստական ընդհատումը արգելվում է:

Զեկույցում նշվում է նաև, որ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում առաջարկություն չկա այն մասին, որ որոշակի տարիքից ցածր երեխաները չպետք է հնարավորություն ունենան բողոքներ ներկայացնելու կամ փոխհատուցման համար դիմելու դատարաններ կամ այլ մարմիններին: Նման իրավունքից երեխային զրկելու ցանկացած որոշում պետք է կայացվի ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ ոչ խտրականության և լավագույն շահերի ենթատեքստում:

«Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ դատարանները երեխայի խնամքի հարցը լուծելիս մինչև 10 տարեկան երեխաների կարծիքը առհասարակ հաշվի չեն առնում: Այնինչ, Կոնվենցիայի 12 /2/-րդ հոդվածը պահանջում է, որ երեխային հնարավորություն ընձեռվի արտահայտվելու իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ընթացքում: Կոնվենցիան տարիքային սահման չի նախատեսում այս իրավունքի համար», – նշում է ՄԻ պաշտպանի գրասենյակը՝ առաջարկելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքում կատարել փոփոխություն՝ վերացնելով տարիքային սահմանը, որին հասնելու դեպքում է միայն դատարանը հաշվի առնում երեխայի կարծիքը:

Tekali Taxi