Home / Հայաստան / Վկա՞, թե՞ որսագող. Բնապահպանները ոստիկանության մոտ ակցիա են անցկացրել

Վկա՞, թե՞ որսագող. Բնապահպանները ոստիկանության մոտ ակցիա են անցկացրել

Երեկ բնապահպան ակտիվիստները Արտաշատի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են անկցացրել ի պաշտպանություն Խոսրովի արգելոցում որս կատարելու մեջ մեղադրվող Նորայր Սարգսյանի:

Հիշեցնենք, որ բնապահպանները համոզված են, որ արգելոցում վայրագություններ կատարելու մեղքը ոստիկանությունը գցում է անմեղ մարդու վրա՝ թաքցնելով իրական մեղավորներին: Ակցիան վիճաբանության է վերածվել ոստիկանների հետ, Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը:

Ոստիկանությունից նրանց հորդորել են չխանգարել գործի ընթացքին, իսկ Նորայր Սարգսյանի շահերի պաշտպանող փաստաբանը հայտնել է ակցիայի մասնակցիներին, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ Սարգսյանը գործով վկա է, ոչ թե մեղադրյալ:

«Սա, ենթադրաբար, սուտ է, քանի որ ոստիկանության հաղորդագրության մեջ այլ բան է գրված, իսկ փաստաբանը ոչ մի փաստաթուղթ մեզ չներկայացրեց՝ ապացուցելու, որ Սարգսյանը գործով վկա է»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բնապահպանները այցելել էին Սարգսյանի ընտանիքին: 29-ամյա երիտասարդի ծնողներն ասել են, որ իրենց որդու իրավունքները խախտվել են, քանի որ նրան երկու անգամ հարցաքննել են առանց փաստաբանի ներկայության:

Ոստիկանությունը բնապահպանների գործունեություններին անդրադարձող հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Թվում էր` բնապահպան ակտիվիստները պետք է գոհունակություն հայտնեին և աջակցեին իրավապահներին դեպքի բացահայտման գործում: Բայց տարօրինակ կերպով կատարվեց հակառակը…

Պարզվեց` նրանց ոչ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ոչ որսագողության բացահայտումը: Նույնիսկ որսագողությունը խոստովանած Նորիկ Սարգսյանը չի հետաքրքրում, ում զարմանալի եռանդով իրենց պաշտպանության տակ են առել: Բնապահպաններին, ըստ երևույթին, հետաքրքրում է աղմուկ բարձրացնելու հերթական հնարավորությունը` այս անգամ որսագողի «իրավունքները» պաշտպանելու «եղանակով»»: