Վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Բանն այն է, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջև «անհասկացողության անջրպետը»: Ծառուկյանն այլևս իրեն համարում է ինքնուրույն խաղացող և տևական ժամանակ է, ինչ փորձում է դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից», – նշում է թերթը:
Ըստ «Հրապարակի» աղբյուրի, այդ գործընթացը սկսվել է այն պահից, երբ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում հավաքել է 450 հազար ձայն: Նրան փորձագետները և իմիջմեյքերները ներշնչել են, որ այդ կապիտալով ինքը կարող է զերծ մնալ թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ազդեցությունից և իր սեփական խաղը սկսել: