ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ-ական անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը նշում են, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մանսակցած ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ և ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործով:
Այս մասին ասված է Զոհրաբյանի և Հովհաննիսյանի կողմից տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Մեզ հետ հանդիպումներում ԵԽԽՎ պատգամավորներն ու ղեկավար կազմն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, և մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում: Մեզանից, որպես ԵԽԽՎ պատգամավորների, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք», – նշում է ԲՀԿ-ական պատգամավորները:
Նրանք ընդգծում են, որ ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում իրենք պատրաստ են ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ: