Վրաստանի նախագահական նստավայրում երեկ հանդիպել են նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և վարչապետի պաշտոնին հավանկնող, խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Հանդիպումից հետո կողմերը մեկնաբանություններ են տվել լրագրողներին: Սահակաշվիլին խոստացել է, որ գործադիր իշխանության հանձնումը խորհրդարանական ընտրությունում հաղթած ուժին տեղի է ունենալու առանց որևէ ցնցումների:
«Առաջին անգամ այս տարածաշրջանում գործադիր իշխանությանը մի մասը հանձնվում է խաղաղ ճանապարհով: Վրաց ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, և մենք հարգում ենք այդ ընտրությունը: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ վրաց ժողովրդի շահերի համաձայն ժողովրդավարությունը պահպանվեց»,- ասել է նախագահը:
Նա նկատել է՝ կարևորն այն է, որ Վրաստանում միշտ լինի ժողովրդավարություն, որ ազատ ընտրություններ անցկացվեն:
Այս պահին պետք է ուշադրությունը կենտրոնացնել ապագայի վրա, չնայած գրեթե բոլոր հարցերում իշխանությունների և ընդդիմության ունեցած հիմնարար տարբերությունների:
«Հուսով եմ մեզ կհաջողվի բոլոր գործընթացները տանել սահմանադրական և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում»,- ասել է Սահակաշվիլին:
Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Սահակաշվիլիի հետ ինքը համակարծիք է արտաքին քաղաքականության, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման հարցում: Նա ասել է նաև, որ որոշ ժամանակ անց Վրաստանը անպայման դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:
Մեկնաբանելով Սահակաշվիլիի հետ հանդիպումը՝ Իվանիշվիլին ասել է, որ «դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ վրացիները քաղաքակիրթ ժողովուրդ են»: