Occupy London (Նվաճիր Լոնդոնը) շարժման 4 ակտիվիստներ հոկտեմբերի 14-ին ակցիա են անցկացրել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Սուրբ Պողոս տաճարում:
Ինչպես հաղորդում են շարժման ներկայացուցիչները, ակցիան մի քանի նպատակ է հետապդնել, որոնցից մեկը՝ համերաշխություն հայտնել ռուսաստանյան Pussy Riot խմբի անդամներին, ովքեր 7 ամիս առաջ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում քաղաքական ակցիա էին անցկացրել Վլադիմիր Պուտինի և ուղղափառ եկեղեցու իշխանությունների դեմ:
Լոնդոնում 4 կանայք սպիտակ զգեստներով, որոնցից մեկը հաշմանդամի սայլակի վրա, երեկոյան ներխուժել են Սուրբ Պողոս եկեղեցի և, շղթայով կապելով իրենց եկեղեցական ամբիոնին, սկսել են Աստվածաշնչից հատվածներ կարդալ և մեղադրանքներ հնչեցնել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ: Մասնավորապես, նրանք եկեղեցուն մեղադրել են իրավապահ մարմինների հետ համագործակցության մեջ:
Բացի դա, ակտիվիստներն իրենց խոսքում հիշատակել են երկրում առկա տնտեսական անարդարությունը՝ ընդգծելով, որ եկեղեցական իշխանությունները համագործակցում են խոշոր բանկերի հետ և ուշադրություն չեն դարձնում աղքատների վրա:
Ակցիան մոտ 4 ժամ է տևել, և դադարեցվել է միայն այն բանից հետո, երբ ոստիկանության ներկայացուցիչները սպառնացել են ձերբակալել ակտիվիստներին:
Occupy London շարժումը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ակցիան շարժման հիմնադրման առաջին տարեդարձի նախօրեին է կազմակերպվել՝ սոցիալական անհավասարության խնդիրը բարձրաձայնելու նպատակով: Շարժման ակտիվիստները նշել են, որ եկեղեցու սպասավորները դեմ չեն եղել բողոքի ակցիայի մասնակիցների ներկայությանը տաճարում: