Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ հայաստանցի գործարարների այն հատվածին, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողացել իրենց տեղը զբաղեցնել խորհրդարանում, այս օրերին ՀՀ իշխանությունները նոր լծի տակ են դրել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Հատկապես խոսվում է այն մասին, որ նրանցից շատերի առաջ կոնկրետ առաջադրանք է դրվել՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների համար օր առաջ սկսել ձայների հավաքագրման, տարածք առ տարածք ՀՀ քաղաքացիներին ՀՀԿ կողմը «թեքելու» ակտիվ գործընթացը, քանի որ գործընթացները ցույց են տալիս, որ ժամանակը իշխանությունների օգտին չի աշխատում: Գործարարներից ոմանց շատ ավելի չոր տոնով ասվել է՝ հանկարծ չստացվի այնպես, որ հատկապես մայրաքաղաքին մոտ քաղաքներում քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, «վազանց» կատարեն ՀՀԿ-ին», – գրում է թերթը:
«ՉԻ»-ն գրում է, որ 2013 թվականի ընտրություններում «ծանր բեռի» տակ ընկած գործարարների շարքում հոլովվում են հատկապես Արայիկ Հայրապետյանի՝ Լավանդայի Արայիկի, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի, ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի և շատ ուրիշների անունները, որոնք, ինչպես նշում է թերթը, առանց պաշտոնի ու մանդատի էլ հազար թելով կապված են այս իշխանության հետ: