ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի, որն ընդունել էր որոշում հօգուտ ոստիկանապետ Վովա Գասպարյանի: ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը պահանջում էր, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը հերքի կազմակերպության գործարար համբավն արատավորող արտահայտությունները և վճարի 10 դրամ սիմվոլիկ փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Սաքունցի մասին վիրավորող և զրպարտող հայտարարություններ էր արել նաև «Զինուժ» հաղորդման ժամանակ ասելով. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի»:
ՀՀ վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ գործում առկա փաստական հանգամանքներով հաստատվում է, որ բողոք բերող անձի կողմից վկայակոչված երկու դեպքում էլ կատարված արտահայտություններն ուղղված են անձանց անորոշ շրջանակի և կոնկրետ հայցվորի անվանումը ոչ մի կերպ չի հիշատակվում, այսինքն՝ երկու դեպքում էլ ընդհանուր արտահայտությունների տրամաբանությունից հետևում է, որ հայցվորին չի քննադատել պատասխանող կողմը, հետևաբար արված արտահայտությունները չեն արատավորում հայցվորի գործարար համբավը:
Տեղեկացնենք, որ հայցվոր կողմը դատական նիստի մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել: