Ո՞ր օրվանից են ՔԿՀ այցելող պատագմավորները դարձել հոգեբան և հոգեբույժ: Այս հարցը լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ մի քանի պատգամավորների այցին «Երևան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք մտել են հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի խուցը:
Այդ հանդիպման մասին տեղեկություն է հրապարակել «168 ժամ» պարբերականը՝ նշելով, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պատգամավորներին առաջարկել է ցանկության դեպքում հանդիպել Նաիրի Հունանյանի հետ: Նրա եղբոր, նույն գործով դատապարտված Կարեն Հունանյանի հետ խորհուրդ չեն տվել հանդիպել, քանի որ, ինչպես փոխանցել են պատգամավորներին, Կարեն Հունանյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է՝ անընդհատ խոսում է:
Պատգամավորների մի մասը՝ տղամարդիկ, ցանկություն են հայտնել տեսնելու Հունանյաններին, դա բացատրելով հասարակության մեջ տարածված այն խոսակցություններով, որ Հունանյանները սպանված են կամ գտնվում են Հայաստանից դուրս, և լավ կլինի, եթե անձամբ հնարավորություն ունենան տեսնել կալանավորներին: Կարեն Հունանյանի դեպքում բացվել է միայն բանտախցի դիտանցքը՝ «վոլչոկը»:
Պարբերականը նշում է, որ պատգամավորները տեսել են հեռուստացույցի մոտ նստած դատապարտյալին, ով իսկապես խոսելիս է եղել:
Հունանյանների մասին հարցին պատասխանելով՝ Թովմասյանը նշել է, որ վիճակը գնահատելու համար բժիշկ գոյություն ունի:
Նախարարին հարցրել են նաև, թե նա ինչո՞ւ չի այցելել Նաիրի և Կարեն Հունանյաններին: Թովմասյանը պատասխանել է, որ իր համար նրանք սովորական շարքային դատապարտյալներ են:
«Ես ինչի՞ պիտի 4700-ին էլ հանդիպեմ, կարծում եք՝ ես բոլորի հետ պիտի հանդիպե՞մ: Իսկ պատգամավորների այցի մասին իրենց տվեք այդ հարցերը, իրենք, որպես պատագմավորներ, ունեն այցելության իրավունք, ես չեմ սահմանափակում իրենց այցելությունները: Դուք ուզո՞ւմ եք՝ նախարարը պատասխանի, թե ինչո՞ւ է պատգամավորը Նաիրի Հունանյանի մոտ գնացել: Չթողնեի, պետք է ասեին՝ չեն թողել, սահմանափակել են»,- ասել է նախարարը: