Home / Հայաստան / Զուրաբյանի և Օսկանյանի զրույցում նորություն չկա, բայց լրագրողները կարող են ուրախանալ. ՀՅԴ-ական պատգամավոր

Զուրաբյանի և Օսկանյանի զրույցում նորություն չկա, բայց լրագրողները կարող են ուրախանալ. ՀՅԴ-ական պատգամավոր

Գաղտնալսված ձայնագրությունը հրապարակելու մեթոդները քաղաքականության մեջ անընդունելի են ու դատապարտելի: Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության հրապարակմանը` այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա ընդգծել է, որ քաղաքացիներն անձնական կյանքի և անձնական հարաբերությունների իրավունք և ազատություն ունեն:

«Տրամաբանական է և նորմալ է, որ իսկապես իրավապահ մարմինները փորձեն պարզել աղբյուրը: Եթե կպարզվի, գնահատական կտան ըստ այդմ: Ցավոք, եթե երկրում քաղաքական մենաշնորհը դառնում է բացարձակ, մարդիկ կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, և մոռանում են, որ կյանքը շարունակվում է՝ այսօրվա քաղաքական մեծամասնությունը վաղը դառնալու է փոքրամասնություն: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ կյանքը փոխվում է և վաղը իրենք կարող են հայտնվել նույն վիճակում: Բուն բովանդակության վերաբերյալ որևէ նորություն, որևէ հայտնագործություն, որևէ թաքուն բան գոնե քաղաքականությամբ զբաղվողների համար այդտեղ չկա: Այդ ամենին, ինչը լրագրողները գիտեին, այդ հարաբերությունները, միմյանց հանդեպ դիրքորոշւմները գիտեին, դա որևէ բան չավելացրեց: Ուղղակի դուք պետք է ուրախ լինեք, որ մի թեմա էլ ունեցաք, որով կզբաղվեք», – դիմելով լրագրողներին՝ ասել է Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն չի զգուշանում, որ իրենց էլ կձայնագրեն, Աղվան Վարդանյանը պատասխանել է, թե իրենք զգուշանալու որևէ բան չունեն,  բայց այդ առումով անհանգստանալու բան ունի յուրաքանչյուր քաղաքացի,  քանի որ սա անձնական կյանքի միջամտություն է:

Tekali Taxi