Երեկ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումը իրականում հետևանք էր ավելի մեծ գաղափարական բախման, որը տեղի ունեցավ հրապարակում ներկա երկու գաղափարապես տարբեր գծերի միջև: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ մարդիկ եկել էին Րաֆֆի Հովհաննիսյանին տված իրենց ձայնի տերը կանգնելու, մինչդեռ «Ժառանգությունը» և Հովհաննիսյանը այլ քաղաքական գիծ ունեն. նրանք պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին:
«Հովհաննիսյանը փետրվարի 18-ից ի վեր հետաձգում էր գործողությունները մինչև ապրիլի 9-ը: Երեկ իրական ընդհարումը տեղի ունեցավ հենց այդ երկու գծերի միջև. նրանց, ովքեր գործողություններ էին ուզում, և նրանց, ովքեր ուզում են ընդդիմադիր զանգվածը պահել մինչև մայիսի 5-ը»,- ասել է Բադալյանը:
Անդրադառնալով Ազատության հրապարակում կայացած միջոցառմանը՝ փորձագետն ասել է, որ դա պարզապես «Ժառանգություն» կուսակցության հանրահավաք էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընթերցված տեքստը կապ չուներ երդմնակալության տեքստի հետ:
«Երդմնակալության տեքստում ասվում է, որ մարդը, ստանձնելով պաշտոնը, պարտավորություն է ստանձնում պահպանել Սահմանադրության դրույթները, իրականացնել տված խոստումները: Մինչդեռ Րաֆֆի Հովհնանիսյանի տեքստը նման էր կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի»,- ասել է Բադալյանը:
Ըստ փորձագետի՝ Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափությունն անխուսափելի է, իսկ այն դեպքում, եթե «Ժառանգությունը» կորցնի ընտրազանգվածը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը նորմալ ընտրարշավ չեն իրականացնում, շահեկան դիրքերում է հայտվում ՀՀԿ-ն:
Բադալյանի կանխատեսմամբ՝ եթե ոչինչ չփոխվի, ապա Երևանի ընտրություններում կհաղթի ՀՀԿ-ն:
Ըստ փորձագետի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես փետրվարի 18-ից ի վեր վտանգ չի ներկայացրել գործող իշխանությունների համար:
«Ավելին՝ այս ամենը ձեռնտու էր իշխանություններին, քանի որ փոշիացրեց բողոքական պոտենցիալը»,- ասել է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է պաշտոնական երդմնակալությանը և դրանում Սերժ Սարգսյանի տված խոստումներին՝ Արմեն Բադալյանի խոսքով՝ դրանց իրականացմանը սպասելը իրատեսական չէ, նախ՝ քանի որ Սարգսյանը խոստումները կատարելու 5 տարի ժամանակ է ունեցել, սակայն չի արել. «Տնտեսությունը չազատականացվեց, քաղաքականությունը՝ ևս, քանի որ ընտրությունները նախկինի պես շարունակում են կեղծվել, դատական համակարգում բարեփոխումներ չեն կատարվել»:
Սերժ Սարգսյանի խոստումների կատարումը, ըստ Բադալյանի, չեն տեսնի նաև այն պատճառով, որ չկա հետևողական քաղաքացիական հասարակություն, և նույնիսկ մեծ ներքին ճնշումը, ինչը նախորդ 5 տարիներին ապահովել է ՀԱԿ-ը, չի դրդում իշխանությանը բարեփոխումներ անել: Բադալյանի խոսքով՝ Հայաստանյան իշխանություններին քայլերի դրդում է միայն արտաքին ճնշումը: