ԲՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, ով գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, օրեցօր իրեն ավելի լավ է զգում: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորի մամուլի ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
«Լավ նորությունն այն է, որ երեկ հանվել են արհեստական շնչառության սարքերը ու Զոհրաբյանը կարողանում է ինքնուրույն շնչել, այսօրվանից կսկսի նաև սնվել, քանի որ որոշակի բաներ թույլատրել են ուտել», -ասել է մամուլի ծառայության պատասխանատուն:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի երեկոյան Հրաչյա Քոչար փողոցում տեղի ունեցած ավտովթարում Զոհրաբ Զոհրաբյանը գլխի ծանր վնասվածք էր ստացել: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, մեջ, որում անդրադարձ էր կատարվում ոստիկանության հայտարարությանը, թե դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և նախաքննությունը շարունակվում է:
«ՀՀ ոստիկանությանը ինչ-որ բան խանգարում է բացահայտել ԲՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի ավտովթարի հանգամանքները: Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ-որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ-որ բան խանգարում է», -ասված էր հայտարարությունում: