Ոչ իշխանական քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որ չի միանա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական շարժմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանն անցած ուրբաթ կոչ էր արել ստեղծել «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, որը պետք է ուղղորդի ընտրությունների արդյունքները չընդունող Հովհաննիսյանի առաջնորդած շարժումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ, իր կարծիքով, «Ժառանգությունը» չունի հստակ քաղաքական օրակարգ, երբ դա լինի, իրենք այդ ժամանակ էլ կքննարկեն այդ շարժմանը միանալու հարցը:
«Քանի դեռ նման քաղաքական օրակարգ տեսանելի չէ, մենք ըմբռնումով ենք մոտենում, իհարկե, ցանկացած քաղաքական ուժի գործունեությանը, աշխատաոճին, բայց մենք քաղաքական օրակարգը, հստակ քաղաքական ծրագրերը, հստակ քաղաքական նպատակները գերադասում ենք եկեղեցական ծիսակարգերից, մոմավառություններից, գերադասում ենք գեղեցիկ, դեկլարատի հռչակագրերից»,- մասնավորապես ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Մինչդեռ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը հույսեր կապում են Հովհաննիսյանի առաջարկած շարժման հետ: ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը ԲՀԿ-ի այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» չունի օրակարգ, պատասխանում է, որ նորաստեղծ այդ շարժումը, կարծես թե, գնում է օրակարգի ձևավորման ճանապարհով:
«Բոլորի մոտ այդ անհանգստությունը կա, կամ անհասկացողությունը կա: Ստրատեգիական առումով, վերջնական խնդրի լուծման առումով, որևիցե տարաձայնություն չկա: Կարող է զուտ տակտիկական, ինչ-որ խնդիրների լուծման ժամանակ մեկս գտնի, որ այս քայլն ավելի ճիշտ է, մեկս գտնի, որ այս քայլն է սխալ: Բայց, ի վերջո, սա շարժման տրամաբանությանը չի խանգարի, և մենք ամենակարևորը` այն կեցվածքը երբեւիցե պիտի չունենանք, որ մեկս մեկից նեղացել ենք: Մենք չունենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Խաչատրյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չհամաձայնելով Հովհաննիսյանի որոշ մոտեցումների հետ, այդուհանդերձ այդ շարժումը կազմակերպելու կողմնակիցն են. «Այս շարժումը պետք է ուղղորդել, հստակ ծրագրային նպատակներ դնել, հանգրվաններ դնել, եւ քայլ առ քայլ հաղթահարելով` գնալ առաջ: Մենք չենք կիսում այն մոտեցումները, որ հնարավոր է ինչ-որ ապրիորի միասնականություն` վերքաղաքական, վերազգային: Նման բաներ չեն լինում, ամեն բան կոնկրետ է իր դրսևորումների մեջ»: