Այսօր Կրթության և գիտության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում ուսանողները, ովքեր պահանջում են վերացնել բուհերում ուսման վարձերի բարձրացման մասին որոշումը, բարձրացնել դասախոսների աշխատավարձը և բարելավել ուսման որակը Հայաստանում:
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին, որպեսզի իրենց առաջարկները լսելու համար հենց շենքի առջև իրենց հանդիպի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո՝ ակտիվիստները համաձայնել են բարձրանալ ընդունարան: Ինչևէ, հանդիպումը կարճ է տևել, քանի որ ակտիվիստները պնդել են, որ նախարարը իջնի ներքև՝ հիմնավորելով, որ այդպես բոլոր ուսանողները կարող են ներկա լինել և քննարկման ժամանակ բարձրաձայնել իրենց կարծիքը:
Աշոտյանը հակադարձել է, թե, եթե երիտասարդներին իսկապես հետաքրքրում է խնդիրը, այլ ոչ թե դրա շուրջ աղմուկ ստեղծելը և շահարկելը, ապա նրանք կմնային և կզրուցեին իր հետ:
Ուսանողների հեռանալուց հետո Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուսման վարձերի քաղաքականությունը որոշում են բուհերը, և քանի որ ընդամենը 5 բուհ է որոշել թանկացնել վարձերը, պարզ է, որ դա պետության կողմից չի արվել: Ըստ Աշոտյանի՝ այդ որոշումը նախարարությունը փոխել ստիպել չի կարող և առավելագույնը, որ կարող է անել, խոցելի սոցիալական խմբերին ֆինանսապես աջակցելու համար փաթեթներ մշակելն է:
«Ես պատրաստ եմ ընդունել առաջարկներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական քաղաքականությունը որոշելուն»,- ասել է նախարարը:
Աշոտյանը նշել է, որ բուհերն ունեն խնդիրներ, որոնց համար ֆինանսներ են անհրաժեշտ: Այդ խնդիրները լուծելու համար ոչ միայն վարձերն են թանկանալու, այլև աշխատակազմի 10-20% կրճատում է լինելու: Հարցին, թե արդյոք գների բարձրացումը կապված է նաև արտագաղթի և ուսանողների թվի նվազման հետ, Աշոտյանը պատասխանել է, որ ուսանողների թիվը կրճատվումը խնդիր է դեևս 2011 թվականից, երբ շրջանավարտ չի եղել: