Home / Տեսանյութեր / Ոստիկանները ուժ են գործադրում. Կոմիտաս 5-ի բնակիչները սպառնում են փակել պողոտան

Ոստիկանները ուժ են գործադրում. Կոմիտաս 5-ի բնակիչները սպառնում են փակել պողոտան

Այսօր 12:00-ի սահմաններում ոստիկանները Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող շինարարության տարածքից կարողացել են դուրս հանել բնակիչներին և ակտիվիստներին: Հիշեցնենք, որ ակտիվիստներից և բնակիչներից մի քանիսը   շինհրապարակը գրավել են երեկ՝ տարածքում մնալով մինչև ուշ երեկո: Այսօր առավոտյան բնակիչները կրկին մտել են շինհրապարակ, սակայն ոստիկաններին հրելով և քաշելով հաջողվել է դուրս մղել նրանց: Այս պահին շինհրապարակը փակող ցանկապատը շրջապատել են կարմիր բերետավորները, ցանկապատի ներսում խմբվել են բանվորներն ու շինղեկավարը:

Դրսում բնակիչներին մի քանի տասնյակ ակտիվիստներ են հավաքվել, ովքեր վանկարկում են. «Բանվորներ, միացեք»:

Բնակիչներից մեկի խոսքով՝ շինղեկավարը ներսում ճնշում է գործադրում բանվորների վրա՝ ստիպելով վերսկսել աշխատանքը: 13:45-ի դրությամբ աշխատանքները դեռևս չեն վերսկվել: Բնակիչները խոստանում են աշխատանքները վերսկվելու դեպքում կրկին փակել Կոմիտասի պողոտան:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում բնակելի շենք է կառուցվում: Հարակից շենքերի բնակիչները դժգոհ են, որ շենքը լինելու է իրենց բնակելիներից կես կամ մեկ մետր հեռավորության վրա, փակվելու է լուսավորությունը: Բացի դա, բնակիչների և  կառուցվող շենքի սեփականատեր, իրանահայ գործարար Էդգար Քեշիշյանի հետ նախնական պայմանավորվածությամբ նոր բնակելին պետք է 5 հարկից բարձր չլիներ, մինչդեռ շինարարության մասին ազդարարող ցուցանկում 11 հարկանի շենք է պատկերված: