ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ամերիկյան ժողովրդի անունից ջերմագույն մաղթանքներն է հղել հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:
Իր շնորհավորական ուղերձի մեջ Քերին նշում է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի ու փոխադարձ հարգանքի վրա:
«Ես հպարտ եմ ու շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ երկարատև բարեկամության համար: Որպես մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, որը Հայաստանից դուրս հայերի ամենախոշոր բնակավայրերից է, ես անմիջապես տեղեկություն ունեմ Ամերիկայի մշակույթի, ժողովրդավարության ու տնտեսական կենսունակության մեջ ձեր ունեցած ավանդի մասին:
Այսօր մեր երկու երկրները միասին աշխատում են երկկողմանի դինամիկ ու տարածաշրջանային օրակարգի վրա: Մենք ակնկալում ենք հետագայում էլ ուժեղացնել մեր ժողովուրդների միջև տնտեսական ու առևտրային կապերն այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական ուսումնասիրության խումբը:
Համայն հայությանն ուրախ ու բարգավաճ Անկախության օր եմ մաղթում, խաղաղություն ու երջանկություն՝ գալիք տարում», – ասել է Քերին: