Դատարանում վկաները հայտարարել են, որ իրենց ցուցմունքներում չեն ասել այն, ինչ նրանց վերագրել է քննիչը:
«Մեհրաբ» զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու գործով հերթական դատական նիստն անցկացվել է այսօր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:
Epress.am-ի հետ զրույցում Սարգսյանների փաստաբան Անի Թորոսյանն ասել է, որ նիստում ցուցմունք են տվել վկաները՝ զորամասի հրամանատարի տեղակալ Ռոդեն Պողոսյանը, շարքայիններ Գարիկ Զաքարյանը և Գեղամ Մարգարյանը: Բոլոր վկաները դատարանում հայտարարել են, որ իրենց վերագրվող նախաքննական ցուցմունքները, որոնք հրապարակվել են դատարանում, իրականում իրենք չեն գրել:
Պողոսյանին հատկապես զայրացել է այն փաստը, որ իր ցուցմունքների փոխարեն քննիչն այլ բան է գրել:
«Էդ քննիչին բերեք այստեղ», – պահանջել է Պողոսյանը: Վկան հավաստիացրել է, որ ինքը միայն լսել է, թե Դավիթ Մկրտչյանն այլ մարդկանց պատմում է, որ ինքը չի հարվածել զինծառայողներին:
Հակառակ դրան, դատարանում հրապարակված Պողոսյանի նախաքննական ցուցմունքում դեպքը նկարագրված է եղել ամենայն մանրամասներով, մինչդեռ Պողոսյանը պնդել է, որ ինքը դեպքի ականատես չի եղել:
Շարքային Գագիկ Զաքարյանն էլ դատարանին ասել է, որ ինքը այն ծավալով, որը ներկայացվել է դատարանում, նախաքննական ցուցմունք չի տվել:
Դատարանում նա պատմել է, որ ինքը միայն տեսել է, թե սպան վիճում է ինչ-որ մեկի հետ նախասրահում, և նույնիսկ չի իմացել, թե ում հետ է վեճը եղել:
Մեկ այլ վկա՝ Գեղամ Մարգարյանը, հայտարարել է, որ իր ցուցմունքը տվել է ռազմական ոստիկանության աշխատակցի ցուցումով: Հրապարակած նախաքննական ցուցմունքի համաձայն, Մարգարյանն ասել է, որ տեսել է, թե մեղադրյալներից մեկը՝ Մանուկը, բռնել է սպային, իսկ եղբայրներից մեկը հարվածել է նրան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործով մեկ այլ վկա՝ շարքային Արմեն Նազարյանը պատմել էր, թե իր վրա ճնշում է գործադրվել, նրան ծեծել են ցուցմունք կորզելու համար:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա