Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննություն է սկսվել Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանին խոշտանգումների ենթարկելու փաստի առթիվ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Վերջինս նշել է, որ Գևորգյանին խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության աշխատակիցները կանչվում են առերեսումների, և մինչ ՀՔԾ-ն չի հաստատել կամ հերքել խոշտանգման փաստը՝ առաջին ատյանի դատարանում ժամանակավորապես դադարեցվել է Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Գևորգյանը մեղադրվում է գողության մեջ: Նա մեկ անգամ արդարացվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից՝ 2012թ. ապրիլի 28-ին: Դատարանի համար արդարացման հիմք էր հանդիսացել այն, որ Գևորգյանի կողմից գողություն անելու փաստի մասին բավարար ապացույցներ չեն եղել: Արդարացման դատավճիռը բողոքարկվել էր մեղադրող դատախազի կողմից, և Վերաքննիչ դատարանը գործը նորից ուղարկել է առաջին ատյանի դատարան: Ըստ Վերաքննիչի որոշման՝ ստորադաս դատարանը չի մանրամասնել «ապացույցների բացակայություն» ձևակերպումը և միջոցներ չի ձեռնարկել ամբաստանյալի պնդումները՝ իրեն խոշտանգելու մասին, քննության առնելու համար:
Գևորգյանը պնդում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, նրա տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ իրեն ծեծելով ու խոշտանգելով բաժին են տեղափոխել, առգրավվել են տան բանալին, անձնագիրը, ստիպել են ինքնախոստովանական ցուցմունք տալ և դա արել են ընթերակաների ներկայությամբ, որոնց ևս բռնության են ենթարկել և որպես ընթերակա նստացրել՝ ձեռնաշղթաներ հագցրած:
Փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ այժմ իրենք սպասում են խոշտանգումների մասին ՀՔԾ-ի եզրակացությանը:
«Եթե ՀՔԾ-ն հաստատի խոշտանգման փաստը, կդիմենք փոխհատուցման համար, եթե ոչ, խոշտանգումների մասին առանձին գործ սկսելու համար պետք է քննություն անցկացնելու դիմում ներկայացնենք»,- ասել է Ստեփան Ոսկանյանը: