Օգոստոսի 25-ին ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Միհրան Մարգարյանը (լուսանկարում) առերսման ժամանակ չի ճանաչել ոստիկանությունում ավելի վաղ խոստովանական ցուցմունք տված երկու կասկածյալներին՝ Ս. Բաբայանին և Ս. Փուրտոյանին: Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել է, որ երկու տղաներն անհասկանալի դրդապատճառներով սուտ ցուցմունք են տվել՝ ասելով, որ իրենք են ծեծել ակտիվիստներին:
Կասկածյալների խոսքով՝ Միհրանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը (այդ օրը ծեծի ենթարկված մյուս ակտիվստը) փորձել են համոզել իրենց «գնալ միտինգի տեղը»՝ քաղաքապետարանի մոտ, իրենք երկար ժամանակ փորձել են ընդդիմանալ, հետո ակտիվիստները հայհոյել են, որից հետո էլ իրենք հարվածել են վերջիններիս:
«Ես այդ տղաներին չեմ ճանաչում: Նրանք չեն մեզ ծեծողները: Եթե նրանց դատարանի առջև կանգնացնեն, երևի ես իրենց պաշտպան եմ կանգնելու: Նույնիսկ փաստաբան չունեն»,- ասել է Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ոստիկնությունում Բաբայանը և Փուրտոյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, սակայն նրանց վրայից մեղադրանքը չի հանվել. քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ակտիվիստների հաղորդում էին տվել ոստիկանություն, որում նշել էին, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Արարատ» հյուրանոցի մոտ իրենց ծեծի են ենթարկել 7 մարդ:
Նախ մի խումբ մոտեցել է տղաներին և հարցրել՝ արդյոք նրանք մասնակցում են քաղաքապետարանի դեմ ակցիային, բացասական պատասխան ստանալով հեռացել են, սակայն քիչ հետո մոտեցել են ևս մի քանի հոգի նույն հարցը տվել և, չհավատալով ակտիվիստների պատասխանին, սկսել են հարվածել նրանց: Ծեծողներին միացել է առաջինը ակտիվիստներին մոտեցած մարդկանց խումբը: Գործով անցնող կասկածյալներ Բաբայանն ու Փուրտոյանը խոստովանական ցուցմունք էին տվել դեպքից 20 օր անց՝ սեպտեմբերի 14-ին: