Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս ունի, որ «Հետք» լրատվական կայքը չի փակվի: Այս մասին դեսպանը գրել Twitter սոցկայքի իր էջում: Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանը անկախ հետաքննական լրագրության կարիք ունի:
Հիշեցնենք, որ երեկ Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ մտադիր է հրաժեշտ տալ մեդիադաշտին: Բաղդասարյանը, մասնավորապես, գրել էր.
«Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը: Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում մենք կարծես թե արդեն տեղ և անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եվ դրանցից մեկով էլ կներկայացնենք, թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում և այժմ ինչ է անում Բաղրամյանը 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը… որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում: Ովքեր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպե՞ս մենաշնորհվեց գովազդի դաշտը, ով է այնտեղ հիմնական խաղացողը: Եւ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»: