«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս տարվանից յուրաքանչյուր հոկտեմբերի 1-ը հայտարարում է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»: Ըստ Կոալիցիայի տարածած հայտարարության` օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար:
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի հետևանքով զոհվել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը:
«Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա» որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում:
Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջև: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին և կավարտվի երեկոյան 21:00-ին:
Նույն օրը` ժամը 11:00-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց նամակ կփոխանցի ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանին, որով կոչ կանի կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք», – նշված է Կոալիացիայի հայտարարության մեջ: