ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն այս տարվա ընթացքում 50 մլն 146 հազար դրամ կամ մոտ 123 հազար դոլար է հատկացրել 2013թ. ընթացքում փախստականների մասին տեղեկությունների մշակման ու տեղեկատվության փոխանակման համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այդ գումարը տրվել է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը պետք է փախստականների մասին համապատասխան տեղեկատվություն հավաքագրի, մշակի և մուտքագրի:
«Այն, որ նման ծրագրերի միջոցով հիմնականում տեղի է ունենում գումարների լվացում, հայտնի է շատերին: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, միգրացիոն ծառայությունը մոտ 14 մլն դրամ էլ հատկացրել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին՝ փախստականների ընտանիքներով բնակեցված կացարաններում սպասարկման աշխատանքների իրականացման համար։ Այսինքն՝ փախստականների մասին տեղեկատվության հավաքման համար մոտ 3.5 անգամ ավելի գումար է հատկացվում, քան փախստականների կարիքները հոգալու համար», – նշում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում